Ինչո՞ւ է քաղաքապետարանը տեղադրում 4 տեսակավորման աղբամաններ,եթե հնարավոր է բավարարվել երկուսով
Տնտեսություն
18:20 10/05/2025

Ինչո՞ւ է քաղաքապետարանը տեղադրում 4 տեսակավորման աղբամաններ,եթե հնարավոր է բավարարվել երկուսով

Հայաստանում տարեկան 700 հազար տոննա կոշտ կենցաղային թափոն է գոյանում։ Երևանում մեկ բնակչի հաշվով տարեկան 320 կգ կոշտ թափոն է բաժին ընկնում։ Օրական գոյանում է մոտ 1000 տոննա թափոն, որի կեսից ավելին սննդային թափոն է։ Նույնքան թափոն էլ կուտակվում է մարզերում։ Այն վերջնարդյունքում հայտնվում է բաց աղբավայրերում՝ հսկայական վնաս հասցնելով շրջակա միջավայրին ու բնությանը, հետևաբար նաև՝ մարդու առողջությանը։ Հայաստանի ամերիկյան համալսարանի  շրջանաձև տնտեսության փորձագետ Հարություն Ալպետյանը «Էկոլուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարում, աղբավայրեր» թեմայով քննարկման ընթացքում նշեց, որ  կոշտ կենցաղային թափոնների միայն աննշան մասն է վերամշակվում։

«Պաշտոնական վիճակագրություն չկա, սակայն փորձագիտական գնահատումներով կոշտ կենցաղային թափոնների միայն 5-6 տոկոսն է վերամշակվում, ինչը բավականին ցածր ցուցանիշ է»,- նշեց մասնագետը։

 Այս ցածր ցուցնիշը խնդիրներ է ստեղծում վերամշակող ընկերությունների համար՝ առաջացնելով հումքի պակասից մինչև հավաքագրման, լոգիստիկ խնդիրներ։

Խնդրի լուոծումը Երևանի քաղաքապետարանը տեսնում է տեսակավորման համար նախատեսված գունավոր թափոնամանների քանակի ավելացմամբ։ Սակայն փորձագետներն այստեղ ևս խնդիր են տեսնում՝ արդյո՞ք քաղաքում կա այդքան տարած, որպեսզի ամենուր տեղադրվեն այդքան տեսակավորման համար նախտեսված գունավոր աղբամաններ։

Նշենք, որ այս պահին Երևանում առկա է  857 թափոնաման, որտեղ առանձին տեսակավորվում է թուղթը, ապակին, պլաստիկը, ալյումինը, ինչպես նաև խառը աղբի համար նախատեսված աղբաման կա։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ 2020թ. հունվարի 1-ից ի վեր Երևան քաղաքում հավաքվել և վերամշակման է հանձնվել 3,392 տոննա թղթի,  ապակու և  պլաստիկի թափոններ։ Սա բավականին ցածր ցուցանիշ է՝ ծախսերի միայն 30 տոկոսն է ծածկում։

Տեսակավորված աղբամաններից աղբի հավաքման և վերամշակման կետեր հանձնելու համար լոգիստիկ ծախսերը շատ են։ Ինչպես նշում է Հարություն Ալպետյանն այն եկամտաբեր ճյուղ չէ, այսինքն՝ եկամուտը չի փակում այդ ծախսերը։

«Նույնիսկ զարգացած երկրներում այն եկամտաբեր գործընթաց չեն համարում։ Այն դառնում է շահութաբեր միայն այն դեպքում, երբ վերամշակումը ֆինանսավորվում է սպառողի և արտադրողի կողմից։Այսինքն՝  թափոնների կառավարումը, աղբահանությունը, աղբի հավաքումը, տեսակավորումը, ֆինանսավորում է հիմնականում աղբահանության վճարներից։ Ամենացածր աղբահանության վճարը Եվրոպայում, օրինակ՝ Հունգարիայում կամ Ռումինիայում ամսական 1000 դրամից է սկսում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է քաղաքում ավելացող աղբամանների քանակին, ապա մասնագետը համոզված է, որ Երևանում այդքան աղբամաններ տեղադրելու  համար նախատեսված տարածք չկա։ Տեղադրվող 4 աղբամաններն արդեն իսկ զգալի տարածք են զբաղեցնում, մինչդեռ զարգացած երկրները գնում են  դրանց թիվը կրճատելու ճանապարհով։ Բերելով միջազգային պրակտիկայից օրինակ, Ալպետյանը նշեց․

«Երևանում տեղադրվում է բացի ընդհանուր աղբի համար նախատեսված աղբամանը ևս տեսակավորման համար նախատեսված 4 թափոնաման՝ պլաստիկ, թուղթ, ալյումին և ապակի։  Այժմ միջազգային պրակտիկայում ևս ընդունված է, որ տեղադրվում են  երկու տեսակավորման համար նախատեսված թափոնաման՝ կապույտ և կանաչ գույների։ Կանաչը ՝միայն ապակի, քանի որ ապակե կտորները դժվարացնում են տեսակավորման պրոցեսը և կապույտը՝ պլաստիկի, թղթի և մետաղի համար։ Այսպիսի թափոնամաններ շուտով  տեղադրվելու են Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում։ Եվրոպական մի շարք քաղաքներ արդեն վերադառնում են այս սխեմային, որովհետև, նախ շատ ավելի ծախսարդյունավետ է, կապիտալ ծախսերն են շատ ավելի քիչ։ Իրականում աղբամանները ևս թանկ արժեն։ Հետո բնակչության համար շատ ավելի պարզ է, մատչելի է դառնում տեսակավորումը։ Բացի այդ, շատ ավելի քիչ տարածք է զբաղեցնում։ Հետևապես, մենք կարող ենք պնդել, որ սա կարող է շատ օրինակելի մոդել դառնա նաև Երևանի համար և  միգուցե  Երևանը վերադառնա այս մոդելին»,- ասաց փորձագետը։

Ալպետյանի խոսքով՝ եթե Երևանի քաղաքապետարանը խորհրդակցի մասանագետների հետ, քաննարկումներ կազմակերպի, ապա  թափոնների կառավարման ոլորտում առկա խնդիրները հնարավոր է արագ և արդյունավետ լուծում ստանան։  

«Ամեն դեպում առաջնային տեսակավորված թափոնները գնում են երկրորդային տեսակավորման, որպեսզի պլաստիկի տեսականերն իրարից առանձնացվեն, ստավարթուղթը՝ թղթից և այլն։ Այսօրվա դրությամբ սա շղթայում բացակայող էլեմենտ է, քանի որ ՀՈԱԿ-ը ձեռքով են այս գործընթացն անում, որը և՛ ծախսատար է, և՛ ճիշտ աշխատանաքային պայմաններ չեն։ Եթե Երևանը ենթադրենք ՝երկու անգամ ավելացնի  հետագայում տեսակավորման աղբամանների քանակն ու ավելի շատ թափոն հավաքվի, ապա իրենք հաստատ չեն հասցնելու այս աշխատանքն իրականացնել։ Այս հարցերը պետք է արտացոլված լինի կառավարման պլանում։ Ես չգիտեմ ՝ կա՞ կառավարման պլան, թե ոչ, և ինչո՞ւ այսօրինակ հարցերը չեն քննարկվում մասնագետների հետ»,- եզրափակեց Ալպետյանը։

Լուսանկարում՝ Հարություն Ալպետյան

Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրված թափոնամանները

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչո՞ւ է քաղաքապետարանը տեղադրում 4 տեսակավորման աղբամաններ,եթե հնարավոր է բավարարվել երկուսով